ՀՀ Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը ստանձնելով Արթուր Սուքոյանին առաջադրված մեղադրանքով քրեական
գործը, նախնական դատական լսումների օր է նշանակել հունիսի 27-ին, ժամը 14։30-ին, Երևան
քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ թիվ
8 դահլիճում:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի
դատախազությունը նախորդ շաբաթ՝ հունիսի 13-ին էր դատարան ուղարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատամավոր
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին առնչվող վերոհիշյալ քրեական գործը։
Քոչարյանի օգնականին, որը նաև նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին է, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ
նա «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության Civic.am լրատվական
գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով
խոչընդոտել է նրա մասնագիտական օրինական գործունեությանը՝ հարկադրելով
տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն:
Նշենք, որ մեղադրական եզրակացությունը
դատարան է մուտք եղել հունիսի 13-ին,
գործով դատավորն է Երևանի քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։ Սուքոյանի
նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանքը։
Հիշեցնենք՝ Սուքոյանը ապրիլի 30-ին, Ազգային ժողովի բակում մոտեցել էր
civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին և, ըստ Լևոնյանի, հայհոյել ու հարվածել էր
իրեն՝ օրեր առաջ յութուբյան իր էջում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․Գալստանյանի վերաբերյալ արած հայտարարությունների պատճառով։
Լևոնյանը հայտարարել է, որ Սուքոյանը իրեն մեղադրել է սրբապղծության մեջ։